Այս տարի հունվարի 18-ից սկսվում է Առաջավորաց պահքը, որը տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 22-ը ներառյալ: Ըստ Հայ եկեղեցու տոնացույցի` պահքին հաջորդում է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակության օրը, որն այս տարի նշվելու է հունվարի 23-ին: Առաջավորացը առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջավորաց` առաջին: Խոր վիրապից ելնելուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչը` Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը` 65 օր շարունակ, Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել Մկրտության:
Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներն ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։
Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որևէ առնչություն չունի: Պահք պահելուց առաջ անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար: Պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու մեղքից ազատագրվելու: Պահքի վերջին օրը անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից:
Իսկ ինչո՞ւ ենք հինգ օր պահք պահում։
Մեր եկեղեցու Հայրերը մի քանի բացատրություն են տալիս:
ա) Սուրբ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր:
բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի Աստծուն և ջանա այլևս չկատարել:
գ) Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (տե´ս` Ծննդ. 1: 29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: ՈՒրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։
դ) Հինգօրյա պահք սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերին (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց, երբ դեռ չէին գրվել ոչ Հին կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր կտակարանի գրքերը:
Առաջավորաց պահքի ուրբաթը Հովնան մարգարեի հիշատակի օրն է
Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը, Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3: 7-8):